Թուրքիան խոստանում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին «ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին»
Թուրքիան մեղադրել է Արաբական Միացյալ Էմիրություններին Սիրիայի եւ Լիբիայի գործերին միջամտելու մեջ՝ նախազգուշացնելով, որ երկրին պատասխանատվության կենթարկի «ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին», հաղորդում է TRT World-ը։
«ԱՄԷ-ն սատարում է ահաբեկչական կազմակերպություններին, որոնք Թուրքիայի հետ թշնամական հարաբերություններ ունեն՝ մեզ վնաս հասցնելու մտադրությամբ»,-հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նա անվանել է ԱՄԷ-ին «արժեք չունեցող դերակատար, որը ծառայում է ուրիշ երկրների քաղաքական եւ ռազմական օրակարգը»։
Աքարը նաեւ կոչ է արել Եգիպտոսին զերծ մնալ հայտարարություններից, որոնք չեն նպաստում Լիբիայում խաղաղությանը, այլ հակառակը՝ խթանում են պատերազմը։