Հունաստանը հերքել է թուրքական անօդաչու թռչող սարքեր ձեռքբերելու մասին լուրերը
Հունաստանը հերքել է թուրքական պաշտպանական ընկերության պահանջները, որը հայտարարել էր, որ երկիրը որոշել է ձեռք բերել 50 փոքր տակտիկական անօդաչու սարք, հաղորդում է Greek City Times-ը։
Նախարարությունը կտրականապես հերքել է անօդաչու թռչող սարքերի մասնավոր արտադրող Assuva Defense ընկերության գործադիր տնօրեն Ռեմզի Բաշբուչի հայտարարությունը եւ դրան հաջորդող Defense News-ի հրապարակումը։
«Մենք կտրականապես հերքում ենք օտարերկրյա ԶԼՄ-ների տարածած կեղծ լուրերը, որ հունական բանակը մտադիր է ձեռքբերել թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր»,-հայտարարել է պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանայոթոփուլոսը։
«Մայիսից թիրախային արտահոսք է տեղի ունենում օտարերկրյա եւ հունական ԶԼՄ-ներում, սակայն դրանք չեն հաստատվում եւ չեն փաստարկվում»,-ասվում է Հունաստան ՊՆ հայտարարության մեջ։ «Ինտերնետում եւ հատկապես լրատվական կայքերում տարածվող տեղեկատվությունը պետք է մանրամասն ճշտվի եւ հաստատվի»,-ասվում է հայտարարության մեջ։ «Հակառակ դեպքում ազգային պաշտպանության նախարարությունն իրավունք կվերապահի պայքարել կեղծ լուրերի տարածման եւ հասարակական կարծիքի ազդեցության դեմ»։