Անորոշությունը շատ ավելի վատ ազդեցություն է ունենում բիզնես միջավայրի վրա, քան անգամ սխալ որոշումները․ Բաբկեն Թունյան
Որքան շուտ կայացվի որոշումը Ամուլսարի վեևաբերյալ, այնքան լավ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Որն է խնդրի լուծման լավագույն տարբերակը, հաշվի առնելով վերջին օրերին «Լիդիան Արմենիայի» աշխատակիցների ակտիվացած բողոքները, Ամուլսարի մոտակայքում հսկիչների հետ բնապահպան ակտիվիստների ընդհարումները․ իշխող խմբակցության պատգամավորն ասաց՝ բազմիցս է խոսել դրա շուրջ և իր կարծիքը չի փոխվել։
«Այդ հարցը մեր տիրույթում չէ, այլ՝ կառավարության, այնտեղ կշռադատելով բոլոր կողմերը, կարծում եմ, ի վերջո որոշում կայացնեն։ Միայն կարող եմ ասել, որ որքան շուտ վերջնական որոշում կայացվի, այնքան լավ, որովհետև որոշման անորոշությունն ու բացակայությունը շատ ավելի վատ ազդեցություն է ունենում բիզնես միջավայրի վրա, քան անգամ սխալ որոշումը»,- եզրափակեց նա։