«Որոշակի հարձակում սկսեց». Ինչու է ՍԴ դատավորի թեկնածուն փակել իր հայտնի գրառումը
Ֆեյսբուքյան իմ գրառումը ես չեմ ջնջել, պարզապես ովքեր իմ ընկերների մեջ են, նրանց համար բաց է: Այս մասին, այսսօր՝ հուլիսի 30-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից անմիջապես հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը՝ անդրադառնալով իր այն գրառմանը, որը «Մարտի 1»-ի զոհերի հարազատներն ու նախկին քաղբանտարկյալները վիրավորական էին համարել:
Հարցին, թե ինչու է փակել գրառումը, նա պատասխանեց. «Այս պրոցեսներից հետ որոշակի հարձակում սկսվեց վիրտուալ տիրույթում իմ նկատմամբ, ընտանիքի անդամների նկատմամբ, եւ ես ցանկություն չունեի, որ իմ էջին պարբերաբար գրառումներ կատարեն եւ այդ գրառումներին անդրադարձ կատարվի: Այդ փուլում նմանատիպ հարցադրումներին պատասխանելն անիմաստ էր:
Իմ գրառումը փորձում են ասոցացնել նրա հետ, որ ես փորձել եմ դրանով անդրադառնալ «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներին կամ այդ իրադարձությունների հետեւանքով տոժած անձանց: Ցանկանում եմ նշել, որ մարտի 1-ի իրադարձությունները մեր նորանկախ պետության արյունահոսող վերքերի շարքին դասվող իրադարձություններ են, եւ որեւէ կերպ իմ գրառումը չի կարող առնչվել «Մարտի 1»-ի դեպքերին առնչված սուբյեկտներին:
Եթե որպես անկախ ու անաչառ դիտորդ դուք հետեւեք պարբերաբար լրատվամիջոցներին տեղեկություններ տրամադրող սուբյեկտային կազմը, դուք կգտնեք հարցի պատասխանը»: