Կրակոցի պահին 62-ամյա տղամարդը կռացել էր ու ողջ մնացել. Լիճք գյուղում 83-ամյա տղամարդը փորձել է սպանել համագյուղացուն
Լիճք գյուղում այսօր՝ հուլիսի 30-ի առավոտյան, ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ կրակոց է հնչել։ Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։
Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ ապօրինի հրացանով կրակել էր Լիճք գյուղի բնակիչ, 83-ամյա մի տղամարդ։ Թիրախը 62-ամյա համագյուղացին էր։ 83-ամյա տղամարդը մոտ տարածությունից հրացանը պահել էր նրա դեմքի ուղղությամբ։ Կրակոցի պահին 62-ամյա տղամարդը կռացել էր ու ողջ մնացել։ Հրացանավորը փորձել էր երկրորդ անգամ կրակել, բայց ինչ-ինչ պատճառներով հրազենը չէր կրակել։ 62-ամյա տղամարդուն հաջողվել էր խլել հրացանը։ Այն առգրավված է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին, ապա ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Կատարվածի այլ հանգամանքներ, ինչպես և հանցագործության շարժառիթը նախաքննությամբ պարզվում են։