Քաղաքական կշիռ չունեցող ուժեր, իրենց ազգայնական հռչակած խմբեր ահաբեկում են բնակիչներին. «Լիդիանի» նախկին աշխատակից
Քաղաքական կշիռ չունեցող կուսակցություններ, իրենց ազգայնական հռչակած տարբեր խմբեր մանիպուլյատիվ միջոցներ են կիրառում, մարդկանց տրամադրում մեր դեմ, թշնամանք սերմանում եւ առաջացնում բախումներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Լիդիան ընկերության նախկին աշխատակիցներից Արթուր Հովսեփյանը՝ հավելելով, որ այդ այսպես կոչված ակտիվիստները ահաբեկում են բնակչությանը, որոնք ոչ միայն դեմ չեն հանքի շահագործմանը, այլեւ կողմ են դրան:
«Հորդորում ենք իշխանություններին, վարչապետին, որ արագ հարցին լուծում տրվի եւ վերականգնվի «Լիդիան» ընկերության աշխատակիցների օրինական աշխատանքի գնալու իրավունքը: Վարչապետն էլ նախորդ տարի նշեց, որ «Լիդիանը» ամենաբարձր ստանդարտներով աշխատող ընկերությունն է Հայաստանում: Այդ կեղծ բնապահպանները բախտագուշակային մեթոդներով, մասնագիտական որեւէ հիմնավորում չունենալով կիրառում են կեղծ մանիպուլյացիաներ: Կառավարությունն էլ ոչ մի լուծում չի տալիս խնդրին»,-ասաց նա:
«Լիդիանի» նախկին աշխատակիցների փաստաբան Արմեն Մելքումյանն էլ նկատեց, որ այնպես չէ, որ Ամուլսարի հարակից համայնքների բոլոր բնակիները դեմ են հանքի շահագործմանը, բնակչության մեծամասնությունը ցանկանում են, որ հանքն աշխատի, րենք էլ աշխատանք ունենան, սակայն նրանց ձայնը լռեցվում է:
Նշենք, որ «Լիդիանի» 36 նախկին աշխատակիցներ դիմել են վարչական դատարան եւ հայցն ընդունվել է վարույթ։ Հայցով պահանջում են ճանաչել ոստիկանության անգործությունը՝ հակաօրինական եւ անմիջապես վերականգնել օրենքը եւ մեր օրինական իրավունքները։ Նրանք նշել են, որ Հայաստանում մեր իրավունքների պաշտպանությունը չգտնելու դեպքում, դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով մեր կորսված 10 տարվա աշխատավարձի փոխհատուցում։