Վրաստանի նախկին վարչապետը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Credit Suisse 300 միլիոն դոլարի համար
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Credit Suisse-ի Սինգապուրի դուստր բանկի 300 միլիոն դոլարի համար, գրում է Bloomberg-ը։
Իվանիշվիլին կորցրել է ավելի քան 100 միլիոն դոլար Credit Suisse-ի նախկին մենեջեր Պատրիս Լեսկոդրոնի գործողությունների պատճառով։ Բանկի աշխատակիցը, որին Վրաստանի ամենահարուստ մարդը վստահել էր իր կարողությունը, 2018 թվականի սկզբին ազատազրկվել էր ստորագրությունները եւ գործարքները կեղծելու համար, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։
Իվանիշվիլին որոշել է շարունակել դատավարությունը․ միլիարդատերը համարում է, որ շվեյցարական բանկը տեղյակ էր նախկին մենեջերի կեղծարարության մասին, սակայն ոչինչ չէր ձեռնարկել դա թույլ չտալու համար։ Իվանիշվիլիի փաստաբանները դիմել են Դոր Զելանդիայի, Սինգապուրի եւ Բերմուդյան կղզիների դատարաններ․ Credit Suisse-ի հենց այդ օֆշորային գոտիներում էր նա պահում իր ներդրումները։
«Վրացի միլիարդատերը, որը հարստացել էր բանկային գործի եւ էլեկտրոնիկայի միջոցով, բավականին միջոցներ ունի պայքարը շարունակելու համար։ Հաշվի առնելով, որ Credit Suisse-ում նրա ներդրումները նաեւ Նոր Զելանդիայում էին եւ Բերմուդներում, նրա համար կան նաեւ ամբողջ աշխարհում բազմաթիվ հնարավորություններ»,-նշում է Bloomberg-ը։
Credit Suisse Trust-ը դուստր ընկերություն է, որի գլխավոր գրասենյակը Ցյուրիխում է, եւ այն արդեն հաստատել է «ակտիվ վիճարկելու եւ ըստ էության պաշտպանվելու պատրաստակամությունը Սինգապուրի դատարանում։
Իվանիշվիլին ամենախոշոր զոհն էր խարդախ մենեջերի։ Այդուհանդերձ նա միակ հարուստ հաճախորդը չէր։ Հայտնի է, որ իր կարողությունը նրան վստահել էր Բուրյատիայից ռուս նախկին սենատոր Վիտալի Մալկինը։
Մենեջերը ձերբակալվել էր 2016 թվականի հունվարին։ Բանկը հայց էր ներկայացրել՝ մեղադրելով նրան պաշտոնեական հանցագործությունների մեջ։ Հետաքննության վարկածով՝ 2012 թվականին նա համոզում էր իր հաճախորդներին, այդ թվում՝ Իվանիշվիլիին, ներդրում կատարել Raptor Pharmaceutical ամերիկյան ընկերության մեջ, որի բաժնետոմսերը 2015 թվականին ընկել էին 37 տոկոսով նոր դեղամիջոցի անհաջող փորձարկումների մասին հայտարարությունների ֆոնին։
Իվանիշվիլիի փաստաբանները բազմիցս հայտարարում էին, որ բանկային աշխատողը ստեղծել էր հսկայական դիրք վրացի միլիարդատիրոջ բաժնետոմսերով առանց վերջինիս տեղելացնելու։