Քիչ առաջ հանդիպեցինք ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ և քննարկեցինք մեզ համար կարևոր հարցերը. Բուհ չընդունված ուսանողների բողոքի ակցիան շարունակվում է
Քիչ առաջ հանդիպեցինք ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ և քննարկեցինք մեզ համար կարևոր հարցերը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ասաց բուհ չընդունված դիմորդների ծնողներից մեկը:
«Այս պահի դրությամբ նախարարությունը դեռ խնդիրներ ունի: Ես այնպես հասկացա, որ իրենք ստացիոնարի մասով չեն կարողանում տեղեր ավելացնեն: Մտածում են հեռակայի մասով տեղեր ավելացնեն: Կան մասնագիտություններ, որոնց մասով խոստանում են, որ ձեր ստացած գնահատականներով առանց մրցույթի՝ շեմը կասեն երկուշաբթի, դուք կնստեք հեռակա: Սա վերաբերում է այն մասնագիտություններին, որոնք ունեն հեռակա: Այսինքն բժշկական դիմած մեր դիմորդները զրկվում են այդ իրավունքից, որովհետև բժշկականը հեռակա չունի: Երկուշաբթի է պարոն Թամրազյանն ասելու, թե որ մասնագիտությամբ, ինչքան տեղ կլինի:
Կան մասնագիտություններ, օրինակ, իրավաբանականը, որտեղ հեռակայից ստացիոնար հնարավոր չի լինելու տեղափոխվել: Հանրային կառավարումը, քաղաքագիտությունը, պատմականը հեռակայից հնարավոր է տեղափոխվել ստացիոնար, եթե իհարկե, վատ գնահատականներ ստացած չլինեն»,-ասաց ծնողը:
Նա հավելեց, որ այս պահի դրությամբ միայն 6 հոգի մարդ կա, որ 18-ից բարձր են ստացել, որոնց համար հնարավոր է, որ ընդունվեն ստացիոնար բաժին, բայց իրավաբանական չեն կարող ընդունվել, նախարարության կողմից իրենց առաջարկվում է միջազգային հարաբերությունների բաժինը:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, որ բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողներն բողոքի ակցիաներ են անցկացնում: Նրանք նշում են, որ բարձր միավորներ հավաքած դիմորդները չեն ընդունվել բուհ, քանի որ առաջին հայտով լրացված բաժիններում տեղ չի եղել և չի թույլատրվել նույնիսկ մյուս հայտերով ընդունվել: Նրանց առաջարկն է տեղեր ավելացնել բարձր բալեր ստացած դիմորդների համար: