Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրել են տիեզերական զենքի փորձարկումների մեջ
Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն հայտարարել են, որ Ռուսաստանը տիեզերքում անցկացրել է սարքի փորձարկումներ, որն ունի զենքի բնութագրեր եւ կարող է ոչնչացնել մերձերկրային ուղեծրի արբանյակները: ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ դա մտահոգություն է հարուցում, փոխանցում է BBC-ն:
ԱՄՆ-ն նախկինում եւս մտահոգություն է հայտնել ռուսական արբանյակային ծրագրի վերջին շրջանում աճող ակտիվության պատճառով: Բայց սա առաջին դեպքն է, որ տիեզերքում ռուսական փորձարկումների պատճառով մեղադրանք է առաջադրում նաեւ Բրիտանիան:
Մի քանի օր առաջ զեկույց էր հրապարակվել, որում նշված էր, որ բրիտանական կառավարությունը սաստիկ թերագնահատել է սպառնալիքը, որ ներկայացնում է Ռուսաստանը:
Բրիտանական տիեզերական վարչությունը ղեկավարող ավիացիայի փոխմարշալ Հարվի Սմիթը հայտարարություն է հրապարակել, որում նշված է, որ Լոնդոնը մտահոգված է Ռուսաստանի նման վարքագծով, քանի որ այն սպառնում է տիեզերքի խաղաղ օգտագործմանը, եւ որ Ռուսաստանի ուղեծիր արձակած սարքը դրա ռազմական նշանակության մասին վկայող բնութագրեր ունի:
«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում այլեւս համանման փորձարկումներ չանցկացնել»,- հավելել է Հարվի Սմիթը:
ԱՄՆ պետքարտուղարի միջազգային անվտանգության եւ չտարածման հարցերով օգնական Քրիսթոֆեր Ֆորդը Մոսկվային երեսպաշտության մեջ է մեղադրել այն բանից հետո, երբ Ռուսաստանը շարունակել է սպառազինության վերահսկումը տարածել տիեզերքի վրա:
«Մոսկվան ձգտում է սահմանափակել Միացյալ Նահանգների հնարավորությունները, չնայած ակնհայտորեն չի պատրաստվում դադարեցնել սեփական տիեզերական ծրագիրը»,- ասել է նա:
ԱՄՆ ԶՈՒ տիեզերական հրամանատարությունը ղեկավարող գեներալ Ջեյ Ռեյմոնդն ասել է, որ չնայած եւ այս միջադեպի շրջանակում Ռուսաստանի գործողությունները վնաս չեն հասցրել, նման վարքագիծը եւս մեկ վկայություն է այն մասին, որ Մոսկվան շարունակում է ջանքեր գործադրել՝ ուղղված իր ռազմական հայեցակարգին համապատասխան տիեզերական բազավորման զենքի զարգացմանն ու փորձարկմանը, ինչը սպառնալիք է կրում ԱՄՆ եւ նրա դաշնակիցների տիեզերական սարքերի համար: