Հազիվ ծայրը ծայրին ենք հասցնում․ Սևանի հյուրանոցները հաճախորդներ գրեթե չունեն (Տեսանյութ)
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Սեւանի լողափերն այս տարի նույնպես մարդաշատ չեն, աշխատանքային օրերին, հատկապես, գրեթե դատարկ։ Այս ամենը բացասական է անդրադարձել նաեւ տեղի ռեստորանային եւ հյուրանոցային բիզնեսի վրա։
Հայտնի հյուրանոցներից մեկի մենեջերը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ հուլիս եւ օգոստոս ամիսները համարվում են տեղացիների ամիսներ, այս տարի նրանց թիվը զգալիորեն կրճատվել է։
«Եթե անցած տարի այս շրջանում հյուրանոցը լիքն էր, 90 տոկոսով լցված է, իսկ այս տարի ոչ աշխատաքային օրերին 50 տոկոսով կարող է լցված լինել, իսկ աշխատանքային օրերին կարող է 25 սենյակից զբաղցված լինի 2-3-ը»,- նշեց նա։
Այս պայմաններում բիզնես վարողները փորձել են աշխատատակիցների թիվը պակասեցնել, որպեսզի կարողանան հաղթահարել ճգնաժամը։
«Շատ մեծ վնասներ ենք կրում, ոչ միայն մենք, այլեւ առաքիչները, գյուղացիները։ Գյուղացիները մեծ վնաս են կրում,որովհետեւ ոչ խոզն է ծախվում, ոչ անասունը։ Խոհարար ոչ թե երեք հոգի ենք ընդունել, հազիվ մենք ենք հասցնում, եթե սենց շարունակվի, բոլորը մեծ վնասներ կկրեն, մենք հազիվ ծայրը ծայրին հասցնում ենք»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց հյուրանոցային համալիրներից մեկի տնօրեն Արմեն Հովակիմյանը։