Սեդա տատիկին իր որդին, հարսը և թոռը պարբերաբար ծեծի են ենթարկում,վերցնում են թոշակը, սնունդ չեն տալիս. (տեսանյութ)
85-ամյա Սեդա տատիկն է (Սեդա Վարդանյան Ղազարի), ով ապրում է Արտաշատում։ Նրան իր որդին, հարսը և թոռը պարբերաբար ծեծի են ենթարկում, նվաստացնում են, վերցնում են թոշակը, սնունդ չեն տալիս։ Տատիկը հիմնականում մեկուսացած է իր սենյակում, չնայած այն բանի, որ վերջինս տան սեփականատերն է։ Ընտանիքի գրեթե բոլոր անդամները հոգեկան հիվանդություններ ունեն և գրանցված են հոգեբուժարաններում։ 85-ամյա կնոջը բազմիցս փորձել են սպանել և թունավորել։
Տատիկը շատ անգամներ դիմել է ոստիկանություն, սակայն հետո խղճահարությունից ելնելով հետ է վերցրել դիմումը։ Այսօր, ցավոք սրտի, Սեդա տատիկի վրա կրկին հարձակվել են և հարվածներ հասցրել դեմքին, մարմնին։ Նա փախել է իր տանից, գնացել է ոստիկանություն։
Սեդայի ընտանիքի անդամները վտանգավոր են հասարակության համար։ Անցյալ ամիս, օրինակ, նրանցից երկուսը հոգեբուժարան էին տեղափոխվել այն բանից հետո, երբ հարձակվել էին հարևանի վրա։
Ընտանիքի անդամներից մեկը տարիներ առաջ փորձել է կացնահարել իր բարեկամին, բարեբախտաբար՝ չի կարողացել։ Գործը մտել է դատարան, դատարանում ապացուցվել է վերջինիս կողմից սպանության մտադրությունը, բայց քանի որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ կան, արդյունքում ուղղակի 2 շաբաթով ուղեգրվել է հոգեբուժարան և վերջ։ Ոստիկանությունը վախենում է ընտանիքից, հարևանները նույնպես:
Կա՞ Հայաստանում որևէ կառույց, որը կկարողանա պաշտպանել իր քաղաքացուն...