ԵՄ դիվանագիտության ղեկավարը եռակողմ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը եռակողմ հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհան Բայրամովի հետ, որպեսզի քննարկի երկու երկրների միջեւ միջազգային պետական սահմանի երկայնքով վերջերս զինված բախումները:
Ինչպես հայտնում է ԵՄ մամուլի ծառայությունը, Բորելի եւ երկու արտգործնախարարների միջեւ սա առաջին նման զրույցն է՝ հուլիսի 13-ին նախարարների հետ առանձին քննարկումներից հետո:
Ջոզոպ Բորելը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ արագ ապաքինում մաղթել տուժածներին: Նա երկու կողմերին կոչ է արել դադարեցնել զինված առճակատումը եւ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից ու հռետորաբանությունից, որոնք հրահրում են լարվածություն, մասնավորապես տարածաշրջանում կարեւորագույն ենթակառուցվածքներին ցանկացած հետագա սպառնալիքից: Նա ընդգծել է, որ տարածաշրջանային բոլոր սուբյեկտները պետք է նպաստեն այս խաղաղ նպատակին:
Նա երկու կողմերին կոչ է արել վերահաստատել հրադադարին իրենց հավատարմությունը եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել հետագա էսկալացիան կանխելու համար: Այս համատեքստում Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է օգտագործեն իրենց անմիջական հաղորդակցության մեխանիզմը, այն ձեւաչափը, որը հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գլխավորությամբ: Նա նաեւ ընդգծել է համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առանցքային դրույթների վերաբերյալ էական բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը: Երկու նախարարներն էլ համաձայնել են դրան: Նա նաեւ ընդգծել է ԵԱՀԿ-ի մոնիթորինգը տեղերում վերսկսելու անհրաժեշտությունը՝ հենց որ պայմանները թույլ տան։
Բորելը շեշտել է երկու կողմերի հետ փոխգործակցությունը շարունակելու իր պատրաստակամությունը եւ հանձնարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին շարունակել սերտ շփումները երկու կողմերի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: