Պենտագոնի ղեկավարը հուսով է մինչեւ տարեվերջ այցելել Չինաստան
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հուսով է, որ մինչեւ տարեվերջ կայցելի Չինաստան, որպեսզի քննարկի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
«Մինչեւ տարեվերջ ես հույս ունեմ առաջին անգամ այցելել ՉԺՀ, որպեսզի ընդլայնվի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը, ստեղծվեն ճգնաժամային հաղորդակցության համար անհրաժեշտ համակարգեր եւ ամրապնդվեն միջազգային համակարգում բացահայտ մրցակցելու մեր մտադրությունները»,- ասել է Էսպերը, հայտնում է Reuters-ը:
Նշենք, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունները ծանր ժամանակներ են ապրում: Լարվածության նոր ալիքն առաջացել է այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինին մեղադրեց, որ նա կարող էր կանխել նոր կորոնավիրուսի տարածումը, սակայն չի արել դա եւ ժամանակին չի տեղեկացրել համաճարակի չափերի մասին: Բացի այդ, ԱՄՆ-ը մի շարք պատժամիջոցներ է սահմանել չինացի պաշտոնյաների եւ ընկերությունների դեմ՝ Հոնկոնգի անվտանգության մասին օրենքի ընդունումից հետո, ինչպես նաեւ Սինցզյան շրջանում մարդու իրավունքների խախտումների համար: Բացի այդ, Պենտագոնը դատապարտել է Չինաստանի ծովային գործունեությունը Հարավչինական ծովում: