Վրաստանում գրանցվել է կոնգո-ղրիմյան տենդի հետեւանքով մահվան դեպք
Վրաստանի արեւմուտքում՝ Իմերեթիայում միջին տարիքի տղամարդը մահացել է կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդի հետեւանքով, հայտնում է «Sputnik- Գրուզիան»:
Իմերեթիայի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տարածքային բաժանմունքի ղեկավար Գոչի Գիորգիձեի խոսքով՝ տղամարդը Ցխալտուբոյի բնակիչ էր: Վարակի աղբյուրն առայժմ հայտնի չէ:
«Իմերեթիայում այս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում: Այն փոխանցվում է հիալոմա կարգի տիզերի խայթոցով: Այսպիսի դեպքերը պատահում են հիմնականում այն մարդկանց շրջանում, որոնք գյուղատնտեսությամբ են զբաղվում»,- ասել է Գիորգիձեն:
Վրաստանում այս տարվա սկզբից հայտնաբերել են կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդի 10 դեպք:
Կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդը (ԿՂՀՏ) առանձնապես վտանգավոր բնական-օջախային հիվանդություն է, որն արտահայտվում է թունավորմամբ եւ մաշկի ու ներքին օրգանների արյան զեղումներով: Այն առաջին անգամ հայտնաբերվել է 1944 թվականին Ղրիմում: ԿՂՀՏ-ն լայնորեն տարածված հիվանդություն է, որն առաջացնում է տիզերի փոխանցած Bunyaviridae ընտանիքը վիրուսը (Nairovirus):
Ախտանիշները հանկարծակի են հայտնվում՝ բարձր ջերմությամբ, միալգիայով (մկանային ցավեր), գլխապտույտներով, վզի ցավերով եւ ռիգիդությամբ, ցավերով թիկունքում կամ գոտկատեղում, գլխացավերով, աչքերի բորբոքմամբ եւ ֆոտոֆոբիայով (լույսի հանդեպ զգայունություն): Կարող են լինել սրտխառնոց, փսխում, դիարեա, փորի եւ կոկորդի ցավեր, որոնց հաջորդում են տրամադրության կտրուկ անկումները եւ գիտակցության խառնաշփոթը: