Հյուսիսային Կորեայում սկսել են մշակել կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը
Հյուսիսային Կորեայի գիտնականները սկսել են մշակել կորոնավիրուսային վարակի դեմ սեփական պատվաստանյութը: Այս մասին հաղորդում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի գիտահետազոտական խորհրդին:
Նշվում է, որ ներկայումս պատվաստանյութը կլինիկական փորձարկումների փուլում է:
Հյուսիսային Կորեայի գիտնականների պնդմամբ՝ իրենց արդեն հաջողվել է կենդանիների վրա փորձարկումներով ապացուցել պատվաստանյութի անվտանգությունը և COVID-19-ի դեմ իմունիտետի ձևավորման դրա ունակությունը:
Այժմ որոշվում է փորձարկումների երրորդ փուլին անցնելու հարցը: Պատվաստանյութի մշակմամբ զբաղվում են հյուսիսկորեական պետության Բժշկական գիտությունների ակադեմիային կից կենսաբժշկության ինստիտուտի հետազոտողները:
Պաշտոնական տվյալներով՝ այսօրվա դրությամբ Հյուսիսային Կորեայում չի հայտնաբերվել կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք: