Գերմանիան ԱՄՀ ծրագրի շրջանակներում 3 մլրդ եվրոյի երկարաժամկետ վարկեր կտրամադրի աղքատ երկրներին
Գերմանիան Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ծրագրի շրջանակներում 3 մլրդ եվրոյի երկարաժամկետ վարկեր կտրամադրի աղքատ երկրներին` կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու համար: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը՝ G20-ի երկրների գործընկերների մասնակցությամբ տեսակոնֆերանսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բոլորս` Գերմանիայում, Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում, բախվել ենք լուրջ մարտահրավերների՝ կապված կորոնավիրուսի հետ»,- նրա խոսքերն է մեջբերում ԳԴՀ ֆինանսական գերատեսչության մամուլի ծառայությունը: «Գերմանիան պատասխանատվություն է ստանձնում միջազգային հանրությունում» եւ «համերաշխության ուժեղ ազդանշան» է ուղարկում,- ընդգծել է Շոլցը:
ԳԴՀ ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2020-2021 թվականներին Գերմանիան ընդհանուր առմամբ 8,7 միլիարդ եվրո կտրամադրի աղքատ երկրներին՝ համավարակի տնտեսական հետեւանքները հաղթահարելու համար: