Անանուն անձը Իռլանդիայի մերձափնյա Հորս մասնավոր կղզին ձեռք է բերել 6 մլն դոլարով
Անանուն անձը Իռլանդիայի մերձափնյա Հորս մասնավոր կղզին ձեռք է բերել 6 մլն դոլարով՝ երբեք իր գնումը սեփական աչքերով չտեսնելով, հայտնում է CNN-ը:
Գնորդի հետ բոլոր բանակցությունները եղել են հեռավար, նա կղզին տեսել է միայն տեսանյութում: Սեփականատիրոջ անունը չի հրապարակվում, հայտնի է միայն, որ նա եվրոպացի է:
Կղզու մակերեսը կազմում է 63 հեկտար: Տարածքում կա 7 շենք, 3 լողափ, զբոսանավերի համար կառանատեղ, թենիսի կորտ եւ ուղղաթիռի հրապարակ: Հորսն ունի սեփական էլեկտրացանց, ջրամատակարարման համակարգ եւ կոյուղի:
1841 թվականին կղզում գրանցվել է մշտական բնակչության ամենամեծ թիվը՝ 137 մարդ: Իսկ 1960 թվականին այստեղ բնակիչ չի մնացել:
Անշարժ գույքի գործակալները, որոնք զբաղվել են Հորսի վաճառքով, նշում են, որ համավարակի ժամանակ մասնավոր կղզիների պահանջարկն աճել է: Մարդիկ հանգստանալու մեկնելու հնարավորություն չունեին, ուստի սկսել են մտորել անձնական հանգստավայր գնելու մասին: