Պետական աջակցությամբ կառուցվում են նոր թռչնաբուծարաններ. Փոխնախարարն այցելել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը եւ Գյուղատանտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը հուլիսի 17-ին այցելել են «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության թռչնաբուծության հատվածը, որում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվող նորագույն սարքավորումների ներդրմամբ արդիականացվում են նախկին թռչնանոցները։
Տիգրան Գաբրիելյանը ընկերության հիմնադիր տնօրեն Գեղամ Ջանվելյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել թռչնանոցներում, տեսակավորման արտադրամասում, ծանոթացել ձվի արտադրության պայմաններին, տեսակավորման գործընթացին:
Ներկայացնելով ընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը` Գեղամ Ջանվելյանը նշել է, որ լիզինգի պետական աջակցության ծրագրով 450 մլն դրամի եւ սեփական միջոցներից եւս 200 մլն դրամի ներգրավմամբ ընթացքի մեջ է ներդրումային նոր ծրագիր, որի շրջանակում թռչնաբուծական սարքավորումների հայտնի Hellmann ընկերության հետ համագործակցելով մինչեւ տարեվերջ կհիմնվի 3 նոր թռչնանոց: «Նոր կառուցվող թռչնաբուծարանները նախատեսված են 200 հազար թռչնագլխաքանակի համար, այստեղ ներդրվող նոր տեխնոլոգիաների շնորհիվ կերակրման, ջրի մատակարարման, օդափոխության, ձվի հավաքման եւ այլ համակարգերը լինելու են ավտոմատացված», - հավելել է նա:
Ընկերության հիմնադիր տնօրենը նաեւ տեղեկացրել է, որ պետական աջակցությամբ լիզինգային պայմանագրով ընկերությունը ձեռք է բերել նաեւ մի քանի միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որոնք կկիրառվեն ընկերության հողերի մշակման համար:
Ամփոփելով այցի արդյունքները` փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն ընդգծել է նորագույն տեխնոլոգիաների ներդրման կարեւորությունը արտադրության մեջ: «Արդյունքում հնարավոր կդառնա էլեկտրաէներգիայի, ջրի, կերի խնայողության շնորհիվ զգալիորեն նվազեցնել ձվի ինքնարժեքը: Բացի այդ, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով գործող թռչնանոցներում հնարավոր կլինի եռապատկել պահվող թռչունների գլխաքանակը», - նշել է նա:
Ընդհանուր առմամբ, Տիգրան Գաբրիելյանի խոսքով, տնտեսավարողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրի նկատմամբ, քանի որ գիտակցում են, որ այն լայն հնարավորություններ է ընձեռում գյուղատնտեսության ոլորտում արդյունվետ գործունեություն իրականացնելու համար: