Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն և հանդես է գալիս խնդրի խաղաղ լուծման դիրքերից․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն և հանդես է գալիս խնդրի խաղաղ լուծման դիրքից: Այս մասին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ «Ինտերֆաքսի» խնդրանքով մեկնաբանելով խաղաղ գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության վերջին օրերի հայտարարությունները։
«Ղարաբաղյան հակամարտությունը երեք կողմ ունի, որոնք հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել: Նախկինում Ադրբեջանը բանակցություններ էր վարում ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ: Այնուհետև Ադրբեջանը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններից: Եթե այժմ Ադրբեջանը հրաժարվում է բանակցություններ վարել Հայաստանի հետ, ապա պարզ չէ, թե ո՞ւմ հետ է այդ երկիրը խոսելու ղարաբաղյան հակամարտության շուրջ: Ադրբեջանը մտադիր է՞ վերսկսել բանակցությունները ղարաբաղյան կողմի հետ, թե՞ ոչ: Մենք չգիտենք:
Վերջերս Ադրբեջանը տարբեր ձեւերով փորձում է պատերազմի սպառնալիքներով հանդես գալ: Եթե բանակցություններից դուրս գալու սպառնալիքն այս շարքից է, ապա դա մեզ չի զարմացնում եւ չի տպավորում:
Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն և հանդես է գալիս խնդրի խաղաղ լուծման դիրքերից»,- շեշտեց Աննա Նաղդալյանը: