Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ «մինչև հուլիսի 14-ը եղած դրությանը»
Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալաքալիանին Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ «մինչեւ հուլիսի 14-ը, մինչեւ ռազմական գործողությունների սկսվելը եղած դրությանը»:
«Ես սերտ հաղորդակցության մեջ եմ իմ գործընկեր նախարարների հետ: Ես հեռախոսային զրույցներ եմ ունեցել երկու նախարարների հետ եւ մեր անկեղծ վերաբերմունքն ու իրավիճակով մտահոգությունն ենք հայտնել: Նրանք տեղյակ են մեր դիրքորոշմանը. մենք ոչ մի կերպ շահագրգռված չենք իրավիճակի հետագա էսկալացիայով, հակառակը՝ անհրաժեշտ է, որ կողմերը վերադառնան մինչեւ հուլիսի 14-ը, մինչեւ ռազմական գործողությունների սկսվելը եղած իրադրությանը»,- հայտարարել է Զալաքալիանին, հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը:
Զալաքալիանիի խոսքով՝ հարկ է ուշադրություն դարձնել այն փաստին, որ հակամարտությունն առաջին անգամ դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական սահմաններից եւ ներկայումս գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի անմիջական մերձակայքում:
«Ուստի պահանջվում է է՛լ ավելի մեծ շրջահայացություն եւ զգուշություն: Անհրաժեշտ է այս գործընթացին միջազգային հանրության ավելի ակտիվ ներգրավվածություն, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվացում եւ բոլոր այն միջազգային մեխանիզմների գործարկում, որոնք այս հակամարտության կարգավորման հիմքն են: Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Միջազգային բանակցություններին, մեխանիզմներին պետք է հնարավորություն ընձեռվի գործընթացը տանելու ապաէսկալացման եւ խաղաղ համաձայնության»,- հայտարարել է Դավիդ Զալաքալիանին: