Ուղնուծուծով բանակին նվիրված կապիտան Սոս Էլբակյանի մարմինը հանձնեցին հողին. հետմահու մեդալը հանձնեցին ծնողներին
Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում այսօր՝ հուլիսի 16–ին հողին հանձնեցին հուլիսի 14–ին հակառակորդի կրակոցից զոհված 28-ամյա կապիտան Սոս Էլբակյանին։
NEWS.am-ի հետ զրույցում Մարմաշեն գյուղի վարչական ղեկավար Համլետ Տիգրանյանն ասաց, որ կապիտան Էլբակյանին հետմահու շնորհված՝ Հայրենիքին մատուցած ծառայության համար «Արիության մեդալն» այսօր հանձնել են կապիտանի ծնողներին։
«Սոսին հողին հանձնեցին զինվորական կարգով։ Մեր ձեռքով տարել ենք գերեզմանատուն, Պաշտպանության նախարարությունից էլ մարդիկ կային։ Ծնողները հրաժարվել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու առաջարկից»,– ասաց Համլետ Տիգրանյանը։
Ավելի վաղ կապիտան Էլբակյանի համագյուղացիները նրա մասին խոսելիս ասել էին. «Ուղնուծուծով նվիրված էր իր գործին»։
Սոս Էլբակյանը սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ապա լեյտենանտի կոչումով Զինված ուժերում աշխատանքի անցել։