Այգեպար գյուղը` ադրբեջանական կողմի այսօրվա հարվածներից հետո. ՊՆ խոսնակը տեսանյութ է տարածել (վիդեո)
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Այգեպար գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի այսօրվա հարվածների վերաբերյալ տեսանյութ է տարածել:
«Ադրբեջանական կողմի այսօրվա հարվածը Այգեպար գյուղի ուղղությամբ։ Քիչ անց հակառակորդը ստացել է արժանի պատասխան»,-գրել է խոսնակը:
Ավելի վաղ operativ.am հայտնել էր, որ այս գիշեր` ժամը 03:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության` հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։
Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։
Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։
Սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է: