Մենք ապրելու ենք այս միջավայրում՝ խաղաղության ձգտելով, իսկ խաղաղությունը նաեւ պարտադրում են. Անդրանիկ Քոչարյան
Նախկին իշխանությունները չեն ուզում ակնհայտ իրողությունների հետ հաշվի նստել, իսկ դա հետեւյալն է, որ ի տարբերություն իրենց պաշտոնավարման տարիների պաշտպանության, անվտանգային համակարգի թուլությունների, այսօր ունենք առավելություններ, որոնցով պետք է ոգեւորվել, քանի որ դա Հայաստանի հաջողությունն է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգությանհարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմադիր շատ գործիչներ շարունակում են քննադատել ՀՀ իշխանություններին, այդ թվում սահմանին լարվածության համատեքստում:
«Այստեղ չի կարելի թեկուզ հոգու խորքում ուրախանալ հակառակորդի հաջողություններով: Այսօրվա հրադադարը պարտադրված է հակառակորդին եւ իրենք հասկացան, որ Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսել հնարավոր չէ»,-ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանը նաեւ հավելեց. «Նման բռնկումները գնալով կպակասեն, եթե մեր առջեւ դրված անվտանգային օրակարգը մենք լիարժեք հեռանկարի առումով իրագործենք, ամրանանք եւ գնանք առաջ: Այսինքն մենք ապրելու ենք այս միջավայրում՝ խաղաղության ձգտելով, իսկ խաղաղությունը նաեւ պարտադրում են, եթե հակառակորդը չի ուզում իրացնել այդ խաղաղությունը: Խաղաղությունը մեկ կողմի ցանկությամբ չի»: