Ջավախքի լեռնային, որակյալ արոտավայրերը զբաղեցնում են այլ տարածքներից եկած թուրքերը, ինչն արդար չէ. Շիրակ Թորոսյան
Ջավախքում վերջին օրերին փոքրիկ լարվածություն առաջացավ արոտավայրերի հետ կապված. Բանն այն է, որ ավանդաբար Վրաստանի ավելի շոգ բնակավայրերից ադրբեջանցիները իրեն անասունների հոտերը բերում են եւ արածացնում Ջավախքի բարձր լեռներում, ինչը դժգոհությունների առիթ է առաջացրել ջավախքցիների շրջանում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Նրա խոսքով, սովորաբար ջավախցիները գնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի, սակայն քանի որ այս տարի կորոնավիրուսով պայմանավորված մնացել էին Ջավախքում, նրանք պետք է զբաղվեն գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ. «Փաստորեն Ջավախքի լեռնային, որակյալ արոտավայրերը զբաղեցնում են Վրաստանի այլ տարածքներից եկած թուրքերը, ինչն արդար չէ: Ջավախքցիներն իրենք պետք է զբաղեցնեն այդ արոտավայրերը: Ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի: Այս կորոնավիրուսի համավարակը հնարավորություն է տալիս տեղում աշխատանք ստեղծելու համար: Եթե դա հաջողվի, հետագա տարիներին արտագնա աշխատանքի գնալու ծավալը կնվազի:
Այս պահը պետք է օգտագործենք: Այս խնդիրը Սամցխե-Ջավախքի իշխանությունները պետք է կարողանան լուծել, որպեսզի հայերը տեղում հնարավորություն ստանան զարգացնելու գյուղատնտեսությունը, բարիք ստեղծելու տեղում եւ քիչ դիմեն արտագնա աշխատանքի մեկնելուն: Սամցխե-Ջավախքի նահանգի ղեկավարությունը օրերս հայտարարեց ցուցարարներին, որ խնդիրը քայլ առ քայլ կլուծվի եւ հիմա խնդիրը լուծման փուլում է եւ այս պահին դժգոհություններ չկան»,-հայտարարեց Շիրակ Թորոսյանը: