ԱՀԿ-ն փորձագետներ կուղարկի Ղազախստան՝ ուսումնասիրելու թոքաբորբով հիվանդացության աճի պատճառները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մասնագետներ կուղարկի Ղազախստան՝ ուսումնասիրելու թոքաբորբով հիվանդացության աճի պատճառները: Այս մասին հայտնել է հանրապետությունում ԱՀԿ ներկայացուցչության ղեկավար Քերոլայն Քլարինվալը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ղազախստանի իշխանություններն ավելի վաղ տեղեկացրել էին կորոնավիրուսի տարածման հետ միասին թոքաբորբով հիվանդացության դեպքերի թվի կտրուկ աճի մասին: Երկրի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյի խոսքով՝ առաջին կիսամյակում թոքաբորբով պացիենտների թիվը կազմել է մոտ 98,5 հազար, ինչը 55,4 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդ որում՝ նրանցից զգալի մասի մոտ կորոնավիրուսի անալիզի պատասխանը բացասական է:
«Ես կարծում եմ, որ դեռեւս չպետք է հապշտապ եզրահանգումներ կատարել: Այո՛, հունիսի սկզբից թոքաբորբի դեպքերի թիվն աճել է, եւ մեզ հանձնարարել են իրավիճակը պարզել: Դրանով է զբաղված նաեւ Առողջապահության նախարարությունը: Այս տեղեկությունները գրավել են լրատվամիջոցների մեծ ուշադրությունը, բայց մենք եզրահանգումներ կատարելուց առաջ պետք է տվյալներ հավաքենք եւ դրանք վերլուծենք»,- Քլարիվալի խոսքն է մեջբերել ՄԱԿ կայքը:
Նա նաեւ կրկնել է ԱՀԿ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն Մայք Ռայանի ենթադրությունն այն մասին, որ թոքաբորբով հիվանդացածների թվի աճը, ավելի շուտ, կապված է կորոնավիրուսի հետ: «Հնարավոր է՝ որոշ պացիենտներ ուշ են դիմել օգնություն ստանալու, եւ նրանց մոտ կան թոքաբորբի նշաններ, բայց մենք առայժմ չենք կարող հայտնաբերել վիրուսի առկայությունը: Անհրաժեշտ է նաեւ պարզել տեղական լաբորատորիաների հնարավորությունները, մենք գիտենք, որ երբեմն լինում են, այսպես կոչված, կեղծ բացասական արդյունքներ»,- պարզաբանել է կազմակերպության ներկայացուցչության ղեկավարը:
Նրա խոսքով՝ այս ամենը կվերլուծվի: «ԱՀԿ-ն նաեւ երկիր կուղարկի լաբորատոր հետազոտությունների ոլորտի փորձագետների խմբի: Այստեղ կարող են լինել ամենատարբեր պատճառներ, բայց գլխավորը եզրահանգումների հարցում չշտապելն է, քանի որ մենք դեռեւս անհրաժեշտ տեղեկություններ չունենք»,- նշել է Քլարինվալը:
Ղազախստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված արտակարգ դրության ռեժիմը երկարացվել էր մարտի 16-ից մայիսի 11-ը, սակայն հանրապետության առանձին շրջաններում կարանտինային միջոցառումները նախկինի պես պահպանվում են: Համաճարակային իրավիճակի վատթարացման ֆոնին իշխանությունները որոշում էին ընդունել հուլիսի 5-ից 14 օրով մի շարք լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու մասին՝ դրանք երկարաձգելու կամ խստացնելու հնարավորությամբ: Ղազախստանի կառավարությունը հուլիսի 14-ից կարանտինի ռեժիմը երկարաձգել է մինչեւ օգոստոսի 2-ը: Այս պահին երկրում հաստատված է կորոնավիրուսով վարակման 61 755 դեպք, ապաքինվել է 35 911 պացիենտ, 396 մարդ մահացել է: