Հարուցվել է քրեական գործ՝ 53-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքով
2020թ. հուլիսի 12-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայում վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Երեւան քաղաքի 53-ամյա բնակչի կրծքավանդակին եւ բազկին, վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի 4-5-րդ միջկողային շրջանի ու ձախ բազկի կտրած-ծակած վերքերի ձեւով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: 53-ամյա տղամարդը տուժող է ճանաչվել:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, առգրավվել են տուժողի հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք:
Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: