Հայտնաբերվել է քաղցկեղածին բջիջները սպանող օգտակար նյութը
Վաշինգտոն նահանգի համալսարանի գիտնականները նոր հակաուռուցքային բնական միացություն են հայտնաբերել: Պարզվել է, որ պոլիչհագեցած ճարպաթթուն՝ դիհոմոգամմա-լինոլենային թթուն (DGLA), ունակ է սպանել մարդու քաղցկեղածին բջիջները: Այս օգտակար միացությունը փոքր քանակությամբ առկա է մարդու օրգանիզմում, բայց հազվադեպ է հանդիպում մարդու սննդաբաժնում: Այս մասին հաղորդվում է Developmental Cell-ում հրապարակված հոդվածում:
Հետազոտողները պարզել են, որ DGLA-ն ունակ է ֆերոպտոզ առաջացնել, գործընթաց, որի ընթացքում տեղի է ունենում բջջի կարգավորվող մահ՝ լիպիդային մեմբրանների երկաթից կախված օքսիդացման պատճառով: Ինչպես ցույց են տվել փորձերի արդյունքները, ճարպաթթուն ներգործում է ոչ միայն կենդանական բջիջների, այլև մարդու քաղցկեղածին բջիջների վրա:
Caenorhabditis elegans կլոր որդերին DGLA-ի մեծ պարունակությամբ մանրէներով կերակրումը հանգեցրել է առաջնային սեռական բջիջների և ցողունային բջիջների մահվան: Ընդ որում, DGLA-ն փոխներգործում է նաև այլ միացությունների հետ, օրինակ, եթերային լիպիդների, որոնք խանգարում են ճարպաթթուների գործողությանը: Երբ գիտնականներն արգելափակել են եթերային լիպիդների ակտիվությունը, DGLA-ի առկայության դեպքում բջիջները սկսել են ավելի արագ մահանալ:
Հետագա ուսումնասիրություններում գիտնականները պլանավորում են հասկանալ պոլիչհագեցած թթվի գործողության մեխանիզմը և մշակել միացությունը քաղցկեղային ուռուցքին հասցնելու մեթոդը: