Նյու Յորքի բնակիչները զանգվածաբար տեղափոխվում են արվարձաններ
Նյու Յորքի բնակիչները զանգվածաբար փախչում են քաղաքից: Կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է նրան, որ մարդիկ այլեւս չեն ցանկանում ապրել «մեծ խնձորի մեջ»՝ նախընտրելով ավելի մաքուր օդով արվարձանները: Մանավանդ, որ հենց Նյու Յորքում այժմ փակ են բոլոր թատրոնները, կինոթատրոնները, համերգասրահները, թանգարանները եւ այլ վայրեր, որտեղ կարելի է հաճախել հանգստանալու համար, հայտնում է RG-ն:
Տեղական ռիելթորական գրասենյակների տվյալներով՝ Ներքրին Մանհեթենում բնակարանների 5 տոկոսը դատարկ են: Սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 10 տարվա ընթացքում, երբ հրապարակվում են նման վիճակագրություններ:
Իսկ արվարձաններում, հակառակը, մարդիկ ստիպված են պայքարել անշարժ գույքի համար: Տները սկզբնական գնից 20 տոկոսով թանկ են վաճառվում: Գործակալները խոստովանում են, որ նման պահանջարկ չէին սպասում: Իրենց տունը վաճառելու առաջարկով զանգեր են ստանում նույնիսկ նրանք, ովքեր չէին պատրաստվում անել դա, հայտնում է AFP-ը:
Մինչդեռ անցած շաբաթ օրը չորս ամսվա մեջ առաջին օրն էր, երբ Նյու Յորքում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել: Առաջին մահվան մասին հաղորդվել էր մարտի 11-ին: Այդ օրվանից քաղաքում COVID-19-ից մահացել է 18669 մարդ, ավելի քան 46 000 դեպք լրացուցիչ ստուգման կարիք ունի։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում բացահայտվել է վարակման 3 304 942, մահվան՝ 135 000 դեպք: