Լարված իրավիճակ՝ Արտաշատի ոստիկանության մոտ. Բերման ենթարկեցին նաև Արթուր Դանիելյանին ու Հայկ Մամիջանյանին (Տեսանյութ)
Ոստիկանւթյան Արտաշատի բաժնի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին ակցիա իրականացնողներից մի քանիսին, նրանց մեջ էր «Ադեկվադ» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Վերջինս Facebook-ի իր էջում գրել է. «Հենց նոր բերման ենթարկվեցի Արտաշատի քաղմասի դիմացից (որտեղ բերել էին մեր ընկերներին) իբր սոցիալական հեռավորություն չպահելու համար: Կանգնած էի դիմակով ու բոլոր կանոնները պահպանելով: Ընդ որում` շատ հետաքրքիր, նպատակային ինձ մոտեցան կանգնած բազմաթիվ մարդկանցից»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ՎԵՏՕ հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին և ակցիայի մյուս անդամներին ոստիկանները Խոր Վիրապից բերման են ենթարկել Արտաշատի ոստիկանության բաժին։
Այստեղ են ժամանել «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչները, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել էր, որ որոշել են ավտոերթ կազմակերպել դեպի Խոր Վիրապ: