Ոստիկանները բերման ենթարկեցին Կառավարության շենքի մոտից հեռացող, միայնակ քայլող ցուցարարին
Ոստիկաններն այսօր՝ հուլիսի 9-ին, կառավարության շենքի առջևից ռեստորոնային բիզնեսի աշխատողներին բերման ենթարկելուց հետո սկսեցին նաև բերման ենթարկել ակցիայի վայրից հեռացած, շենքի հարակից տարածքներում գտնվող քաղացիներին։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բերման ենթարկելուց հետո էլ, չնայած կառավարության մուտքի մոտ ակցիայի մասնակիցները խմբված չեն, ոստիկանները ֆիքսել են նրանց և բերման են ենթարկում հարակից տարածքներից, որտեղ նրանք հիմնականում կանգնած են առանձին - առանձին։
Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից մեկին, որը միայնակ քայլում էր դեպի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարան՝ հեռանալով կառավարության շենքի մոտից։ Ոստիկանները վազեցին նրա հետեւից եւ բերման ենթարկեցին երիտասարդին։ Նա բողոքում էր՝ ասելով՝ «Բերման են ենթարկում իմ քաղաքում քայլելու համար, որտե՞ղ կանգնեմ, որ ինձ բերման չենթարկեն»։
Ոստիկանները բերման ենթարկեցին նաեւ հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանին, որը սպասում էր կառավարությունից հանդիման պահանջի պատասխանին։