Բուլղարիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել
Բուլղարիայի սանիտարական իշխանությունները վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 188 դեպք են գրանցել, ինչը 14-ով ավել է նախորդ օրվ համեմատ: Սա ամենաբարձր ցուցանիշն է դարձել է Բալկանյան հանրապետությունում համաճարակի սկսվելուց ի վեր, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Բուլղարիայի առողջապահության նախարարության միասնական տեղեկատվական պորտալի տվյալները:
Ըստ պաշտոնական տվյալների՝ վարակվածների ընդհանուր թիվը 6 102 մարդ է կազմել, այդ թվում՝ 465 բուժաշխատող: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված չորս հիվանդ, գրանցվել է մահվան ընդհանուր 254 դեպք: Կորոնավիրուսով 483 հիվանդ բուժվում է հիվանդանոցներում, որից 32-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Առողջացել է 3․037 մարդ:
Բուլղարիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը գրանցվել էին մարտի 8-ին: Մարտի 13-ից մայիսի 14-ը երկրում արտակարգ դրություն է գործում: Ներկայումս Բուլղարիայում արտակարգ համաճարակաբանական ռեժիմը պահպանվում է, որը երկարաձգվում է մինչեւ հուլիսի վերջ: Քաղաքացիները պարտավոր են հեռավորություն պահպանել եւ պաշտպանիչ դիմակներ կրել փակ հասարակական վայրերում: