Երեւանում դանակահարել են 12-րդ դասարանի աշակերտի
Երեւանում այսօր՝ հուլիսի 7-ին, Ժամը 16:45-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը բուժօգնության է տեղափոխել մի երեխայի՝ «կրծքավանդակի ձախ կեսի հետին եւ ստորին կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Նշված բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության եւ անչափահասների գործերով բաժանմունքների պետերի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 17-ամյա Մ.Ա.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մոլդովական փողոցից:
Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ ժամը 16:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Ա.-ի եւ եւս մեկ անձի միջեւ, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Ա.-ի թիկունքին:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դանակահարողի անձը պարզելու եւ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով՝ Մ. Ա.-ն սովորում է Երեւանի ավագ դպրոցներից մեկի 12-րդ դասարանում: