Մարզպետի խորհրդականը շատինցիների միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետ առնչություն չունի. ի՞նչ միջադեպ է եղել համայնքում
Վայոց Ձորի Շատին համայնքում տեղի ունեցած միջադեպին մասնակցություն չի ունեցել մարզպետի խորհրդական Նարեկ Մարտիրոսյանը։ Այս մասին տեղեկացնում են Վայոց Ձորի մարզպետարանից։
Նշենք, որ այսօր մամուլում լուրեր էր շրջանառվում, թե համայնքում հնչել են կրակոցներ, տեղի է ունեցել վիճաբանությունը, որի մասնակիցն է եղել նաեւ մարզպետի խորհրդականը։
«Այդ ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում։ Նարեկ Մարտիրոսյանը զենք չունի։ Այդ միջադեպի մասին առաջին անգամ է լսում»,- ասացին մարզպետարանից։
NEWS.am-ը կապ է հաստատել Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի հետ։
Նա պնդեց, որ կրակոցներ չեն հնչել, եղել է միայն վիճաբանություն համագյուղացիների միջեւ։
«Վարդան Սմբատյանն իր տան կողքը ավտոտեխսպասարկման կետ ունի։ Մեքենաների նորոգման համար 2 հոգի եկել են, սկսել են վիճաբանել, հնչել են հայհոյանքներ։ Քանի որ իր տունը հարակից է ավտոտեխսպասարկման կետին, այդ հայհոյանքները լսել են նաեւ Վարդանի ընտանիքի անդամները։ Վարդանն ինքնասիրությունից դրդված զանգել է իր ընկերներին եւ տեղի է ունեցել քաշքշուկ։ Այդ պահին էլ մեկը զանգել է Ոստիկանություն։ Այդքանով էլ ավարտվել է միջադեպը»,- պատմեց համայքնապետը։
Նշենք, որ միջադեպի առնչությամբ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել, հանգամանքները պարզվում են: