Իսպանիան կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութն է մշակում
COVID-19-ի դեմ պատվաստանյութի իսպանական մշակումները հաջող են ընթանում, հավանական է, որ մի քանի ամսվա ընթացքում պատվաստանյութերը կփորձարկեն մարդկանց վրա, ասել է գիտության նախարար Պեդրո Դուկեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա պատմել է, որ աշխարհում կա պատվաստանյութերի մշակման մոտ 180 ծրագիր, որից 12-ը Իսպանիայում ֆինանսավորվում է պետական բյուջեից: «12 խմբերից հինգում արդեն կա այն, ինչը կոչվում է «թեկնածու-պատվաստանյութ», եւ դրանք սկսում են կենդանիների վրա նախակլինիկական փորձարկումները: Նախագծերից մեկը, որը ապրիլի վերջին արդեն ունեցել է «թեկնածու-պատվաստանյութ», ավարտել է կենդանիների վրա կատարված փորձերը եւ մեծ հույսեր է կապում այդ պատվաստանյութի հետ»,- ասել է Դուկեն:
Ինչպես հայտնել է գիտության նախարարությունը, չորս նախագծեր մտադիր են փորձարկումներ սկսել մարդկանց վրա դեկտեմբերին։
«Հավանականություն կա, որ այս բոլոր փորձարկումների հետ մեկտեղ, 6-12 ամիս հետո մենք կարող ենք սկսել պատվաստանյութը կիրառել իսպանացիների վրա... Պետք է շատ հետազոտություններ կատարել, բայց մենք լավատես ենք եւ կարծում ենք, որ կլինի պատվաստանյութ՝ իսպանական առողջապահության համակարգում, երբ հաստատի իր արդյունավետությունը»,- ասել է նախարարը:
Նա նաեւ պատմել է, որ արդեն բանակցություններ են ընթանում մի շարք արտասահմանյան ընկերությունների հետ, որոնք պատրաստ են ձեռք բերել պատվաստանյութը, եթե այն մշակվի Իսպանիայում:
Իսպանիայում անցկացվում են նաեւ կորոնավիրուսի հնարավոր բուժման մոտ 100 կլինիկական փորձարկումներ, ինչպես նաեւ վիրուսի հայտնաբերման ուսումնասիրություններ, ընդ որում ոչ միայն ուղղակիորեն մարդկանց մեջ, այլեւ շրջակա միջավայրի, թափոնների, մակերեսների վրա, հիշեցրել է նախարարը: