Հինգ հոգի են գալիս, չորս հոգի, էն էլ` շաբաթ կամ կիրակի օրը. Աղվերանի մարդաշատ ժամանցի գոտիները դատարկ են
Աղվերանի երբեմնի մարդաշատ ժամանցի գոտիները դատարկ են։ Համավարակով պայմանավորված՝ թույլատրում են առավելագույնը հինգ հոգանոց խմբերով այցերը։ Սակայն սակավաթիվ հյուրերից ստացած եկամուտով դժվար է անգամ բիզնեսի պարտադիր ծախսերը հոգալը։
«Հինգ հոգի են գալիս, չորս հոգի են գալիս, էն էլ` շաբաթ կամ կիրակի օրը։ Մյուս օրերին չունենք այցելու։ Հարկեր ենք մուծում։ Անտառտնտեսության հողն է, վարձ ենք մուծում, բացի այդ՝ աշխատում ենք հարկայինով»,-NEWS.am-ի հետ զրույցում ասել է հանգստյան տներից մեկը տնօրենը:
«Աշխատավարձի խնդիրներ են առաջանում, հարկեր վճարելու խնդիր, կոմունալ ծառայությունների համար վճարման խնդիր է առաջանում, բացի այդ՝ մենք ծախսեր ունենք որ ֆիքսված է, մենք հիմա հազիվ ծախսերն ենք անում, եկամուտով չենք աշխատում»,- հավելում է մեկ ուրիշը։
Հանգստյան տները, որոնց հյուրերը այսպես թե այնպես հիմնականում հայաստանցիներ են, նույնպես այցելուների պակաս ունեն։ Չնայած մինչեւ 50 տոկոս զեղչերին՝ որոշներում հանգստացողներ ընդանհրապես չկան, ոչ էլ ամրագրումներ առաջիկա ամիսների համար։ Որոշ համալիրներում էլ զբաղված է սենյակների ընդամենը մի փոքր մասը։
«Հյուրանոցում անցած տարի էս ժամանակ բոլոր սենյակները եթե զբաղված էին, կար 100-ից 150 մարդ, հիմա կա 20 հոգի մարդ»,-ասում է մեկ այլ հանգստյան տան տնօրեն։
Համավարակի ժամանակ ժամանցն անգամ սոցիալական հեռավորության վրա է՝ դիմակներով, ախտահանիչ նյութերով, օրական առնվազն մեկ անգամ ջերմաչափումով։
Զբոսաշրջիկների բացակայությունը հարվածի տակ է դրել նաեւ տեղի ռեստորանային բիզնեսները։ Գեղամ Հովհաննիսյանը ստիպված է եղել հետաձգելու է իր ընտանեկան բիզնեսի ընդլայնման ծրագիրը․ համավարակն ավելի հրատապ՝ դրա պահպանման անհրաժեշտություն է առաջացրել:
«2 օրը մեկ, 3 օրը մեկ սուրճ խմեն, քյաբաբ ուտեն, դա է, ուրիշ չկա: Եթե դադարեցնենք, շատ վնաս կքաղենք, վարկ ենք վերցրել, ամբողջ ընտանիքով աշխատում ենք»,-ասում է նա:
Մինչ Հայաստանը պայքարում է առողջապահական ճգնաժամի դեմ, Գեղամի ու նրա նման գործարարնորի համար համավարակի հետեւանքները հաղթահարելու միակ տարբերակը մնացել է լավատեսությունը չկորցնելը։