ԵՄ-ն հուլիսի 1-ից սահմանները բացում է Վրաստանի համար. Le Monde
Վրաստանը հայտնվել է այն 14 երկրների ցուցակում, որոնց համար ԵՄ-ն հուլիսի 1-ից կբացի իր սահմանները, գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը: Երկրների նախնական ցուցակը, որոնց քաղաքացիներին հաջորդ շաբաթվանից կթույլատրվի մուտք գործել ԵՄ տարածք, համաձայնեցվել է ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեի մակարդակով (COREPER): Ըստ Le Monde-ի, այդ ցուցակում են հայտնվել Ավստրալիան, Ալժիրը, Վրաստանը, Կանադան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Թաիլանդը, Թունիսը, Ուրուգվայը, Չեռնոգորիան, Հարավային Կորեան, Ճապոնիան:
Ցուցակը կազմվել է անցած երկու շաբաթվա ընթացքում արձանագրված COVID-19-ով վարակի դեպքերի տվյալների հիման վրա՝ 100 հազար մարդու հաշվով: ԵՄ-ում այս ցուցանիշը միջինում 20 է: Ենթադրվում է, որ երկրների վերջնական ցուցակը, որոնց կթույլատրվի մուտք գործել ԵՄ, կհրապարակվի երկուշաբթի: Այնուամենայնիվ, արդեն իսկ հայտնի է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Իսրայելը, Սաուդյան Արաբիան և անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող ևս մի քանի երկրներ չեն ընդգրկվի ցուցակում, որը պարբերաբար կթարմացվի:
Le Monde-ը նաև պարզաբանում է, որ այն «պարտադիր» չի լինի, քանի որ «սահմանների կառավարումը մնում է ԵՄ յուրաքանչյուր պետության ազգային իրավասության շրջանակում»: Ուստի, եվրոպական առանձին երկրներ պարտավոր չեն մուտքի թույլտվություն տալ հաստատված ցուցակում ընդգրկված բոլոր երկրների քաղաքացիներին: Միևնույն ժամանակ, նրանց չի թույլատրվում հյուրընկալել այն երկրների քաղաքացիներին, որոնք ընդհանուր ցուցակում չեն հայտնվել:
Վրաստանի իշխանությունները ծրագրել էին կանոնավոր միջազգային չվերթները վերսկսել հուլիսի 1-ից, բայց աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսի հետ յկապված վատթարացող իրավիճակի պատճառով հետաձգվել է հուլիսի վերջ: Արդեն հայտնի է, որ հուլիսին Georgia Airways-ը և մի շարք այլ ավիաընկերություններ չարտերային չվերթներ կիրականացնեն: