Միշուստինը ներառել է ուղեւորափոխադրումները Ռուսաստանում ամենատուժած ոլորտների ցանկում
Երկաթուղային, ծովային եւ ներքին ջրային տրանսպորտով ուղեւորափոխադրումները ներառված են կորոնավիրուսի հետեւանքով ամենատուժած ոլորտների ցանկում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՌԴ կառավարությանը։ Այդ մասին փաստաթուղթը ստորագրել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Երկաթուղային եւ ծովային տրանսպորտի պահանջարկը զգալիորեն կրճատվել էր կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով։ Ապրիլի առաջին կեսին հեռավոր ուղղությունների ուղեւորահոսքը կրճատվել էր 77 տոկոսով՝ ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակահատվածի։ Այդօրինակ իրավիճակ էր նաեւ ծովային եւ ներքին ջրային տրանսպորտով ուղեւորահոսքի հարցում։ Այդ պատճառով որոշում էր կայացվել օգնել այդ ոլորտներին։
Նշվում է, որ աջակցության տեսակներից է հարկային արձակուրդը (բացի ԱԱՀ-ից), ինչպես նաեւ պետությանը, համայնքներին կամ մասնավոր սեփականատերերին պատկանող անշարժ գույք օգտագործելու դեպքում վարձավճարի հետաձգումը, անհետաձգելի կարիքների համար անտոկոս վարկերը եւ աշխատավարձերի վճարումը, արտոնյալ վարկերը 2 տոկոս դրույքաչափով ցանկացած նպատակի համար, պլանային եւ ոչ պլանային ստուգումների հետաձգումը։
Նաեւ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար նախատեսված է ապահովագրական վճարների հետաձգում, դրանց չափի կրկնակի կրճատում։ Նրանց համար նաեւ գործում է ուղղակի ֆինանսական աջակցություն սուբսիդավորման տեսքով, որը կարելի է ծախսել աշխատավարձի, կոմունալ ծառայությունների դիմաց պարտքերը մարելու համար։