Գերմանիան պատասխան է պատրաստում «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքներին
Գերմանիայի կառավարությունը պատրաստում է միջոցառումներ այն դեպքի համար, եթե ԱՄՆ-ը իսկապես իրականացնի «Հյուսիսային հոսք-2» նախագծի դեմ պատժամիջոցների ընդլայնման վերաբերյալ իր սպառնալիքները: Այս մասին երեկ հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Բեռլինում իր աղբյուրներին:
Նրա տվյալներով, որոնք ստացել է երկու գերմանացի պաշտոնյաներից, կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունը քննարկում է ԵՄ համակարգված գործողությունների մշակման հնարավորությունը, եթե Միացյալ Նահանգները նախագծի դեմ նոր պատժամիջոցներ սահմանի:
ԳԴՀ էկոնոմիկայի նախարարությունն իր փաստաթղթերից մեկում նշում է, որ ԱՄՆ-ի կողմից սահմանափակող միջոցառումների ընդլայնումը սպառնում է ազդել գերմանական եւ եվրոպական ընկերությունների, բանկերի, ինչպես նաեւ պետական ծառայությունների զգալի մասի վրա, որոնք այս կամ այն կերպ կապված են գազատարի նախագծի հետ, գրում է գործակալությունը:
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը ենթադրում է գազատարի 55 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ երկու ճյուղերի կառուցում՝ Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով դեպի Գերմանիա: Մինչ օրս «Հյուսիսային հոսք-2»-ը կառուցվել է 93%-ով: Ծրագրի իրականացման դադարեցումը պայմանավորված էր նրանով, որ 2019-ի դեկտեմբերի վերջին, ԱՄՆ պատժամիջոցների պատճառով շվեյցարական Allseas ընկերությունը դադարեցրել է գազատարի կառուցումը եւ տարել իր նավերը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հունիսի 4-ին հանրապետականները օրինագիծ են ներկայացրել ԱՄՆ Սենատ՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի նկատմամբ պատժամիջոցները ընդլայնելու վերաբերյալ: Ինչպես նշել էր նախաձեռնության հեղինակներից մեկի մամուլի ծառայությունը, փաստաթուղթը «հստակեցնում եւ ընդլայնում է պատժամիջոցները՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու մասին օրենքի շրջանակներում» եւ ուղղված է« գազատարի ավարտը արգելափակելուն»: Հաջորդ օրը Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) էկոնամիկայի եւ էներգետիկայի հանձնաժողովի ղեկավար Կլաուս Էռնստը հայտնել էր ՏԱՍՍ-ին, որ Գերմանիան եւ ԵՄ-ն պետք է ԱՄՆ-ի պատժամիջոցներին պատասխան գործողություններ մտածեն։