Թեոդոր Ռուզվելտի արձանը Նյու Յորքում ապամոնտաժվում է
ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի հուշարձանը (ծառայել է 1901-1909 թվականներին), որը գտնվում է Նյու Յորքի Բնական պատմության ամերիկյան թանգարանի մուտքի դիմաց, ապամոնտաժվում է: Թանգարանի համապատասխան առաջարկությունը հաստատվել է քաղաքապետարանի կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The New York Times-ը:
«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մեր թանգարանային համայնքը խորապես ազդվել է աճող ռասայական արդարության համար բռնկված շարժմամբ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Մենք նկատում ենք, որ աշխարհում եւ ԱՄՆ-ում ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձվում արձաններին՝ որպես համակարգային ռասիզմի հզոր եւ վնասակար խորհրդանիշներ»,- թերթին տված հարցազրույցում ասել է թանգարանի նախագահ Էլեն Ֆաթերը:
Թանգարանի ներկայացուցիչները նաեւ շեշտել են, որ ապամոնտաժումը կապված չէ Միացյալ Նահանգների 26-րդ նախագահի անձի հետ, այլ՝ բուն հուշարձանի «հիերարխիկ կոմպոզիցիայի»: Հուշարձանի կենտրոնում ձիու վրա նստած Ռուզվելտն է, որի երկու կողմերով հնդիկ եւ աֆրիկացի են քայլում: Որպես Ռուզվելտի նկատմամբ հարգանքի ժեստ՝ թանգարանում նախատեսում են կենսաբազմազանությանը նվիրված սրահն անվանել նրա պատվին:
Քաղաքային իշխանությունները համաձայնեցրել են թանգարանի առաջարկությանը: «Քաղաքը աջակցում է թանգարանի խնդրանքին: Սա ճիշտ որոշում է, եւ ճիշտ ժամանակն է հեռացնելու այս խնդրահարույց արձանը»,- մեջբերում է թերթը հատված Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի հայտարարությունից: Քաղաքապետը նաեւ նշել է, որ հուշարձանը «սեւամորթ ու բնիկ ժողովրդին [Հյուսիսային Ամերիկայի] պատկերում է որպես ստրկացված եւ ռասայապես ոչ լիարժեք»: