Թրամփը դատախազին պաշտոնանկ է արել Էրդողանի խնդրանքով. Բոլթոն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դատախազ Ջեֆրի Բերմանին պաշտոնանկ անելու ցանկությունը կարող է կապված լինել Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի խնդրանքի հետ, ABC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը:
Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դատախազությունը ստուգում էր թուրքական Halkbank-ը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներից խուսափելու կասկածով, ասել է Բոլթոնը: Միևնույն ժամանակ, ըստ նրա, այդ հարցը քննարկվել է նախագահների մակարդակով:
Էրդողանի հետ զրույցներից մեկի ժամանակ Թրամփը ասել է, որ ինքը «հոգ կտանի» Halkbank-ի գործի կարգավորման համար, երբ դատախազությունում «Օբամայի կադրերին» (ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի) փոխարինի իր մարդկանցով, պնդում է Բոլթոնը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը որոշում է կայացրել փոխարինել Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազ Ջեֆրի Բերմանին, որն, ավելի վաղ, վարել է նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանների դեմ գործը: Սակայն Բերմանը հրաժարվել է լքել զբաղեցրած պաշտոնը: