Վրացական մաֆիայի առաջնորդ Լավասօղլի Բաթումսկին արտահանձնվել է Թուրքիայից. ԶԼՄ-ներ
Վրացի «օրենքով գող» Մինդիա Գորաձեն, որը քրեական շրջանակներում հայտնի է Լավասօղլի Բաթումսկի մականվամբ, արտահանձնվել է Թուրքիայից եւ ներկայում գտնվում է Բելառուսի տարածքում, հաղորդում է «Բաթումելեբի» պարբերականը:
Լավասօղլին, որը հետախուզվում էր Վրաստանի իշխանությունների կողմից Ինտերպոլի գծով, բերման էր ենթարկվել 2018 թվականի հոկտեմբերին Տրաբզոնում: Նրա մոտ հայտնաբերվել է հրազեն եւ զինամթերք, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
Վերջին երեք շաբաթվա ընթացքում Բաթումիում շարունակվում էին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին արտահանձնել Գորաձեին Թուրքիայից Վրաստանին կամ երրորդ երկրին: Հունիսի մեկին նրա բարեկամներն ու ընկերները վրաններ են տեղադրել ինքնավար շրջանի դատախազության շենքի հարեւանությամբ եւ հայտարարել հացադուլ:
Վրաստանի դատախազությունում Լավասօղլիին արտահանձնելու մասին տեղեկատվությունը դեռեւս չեն մեկնաբանել: Միեւնույն ժամանակ «Պրայմ Քրայմ» գործակալությունը հաղորդում է, որ Գորաձեն բերման էր ենթարկվել Մինսկի օդանավակայանում սահմանային վերահսկողության ժամանակ: Նշվում է, որ նա Բելառուսով թռնելու էր Կիեւ:
Դեռեւս երկու տարի առաջ Վրաստանի իշխանությունները հայտարարել էին միջազգային հետախուզում նրա նկատմամբ Ինտերպոլի գծով: Երկրի դատախազությունում չեն կարող բացատրել՝ ինչու դեռեւս տեղի չի ունեցել նրա արտահանձնումը վրացական իրավապահ մարմիններին:
2019 թվականին Բաթումիի քաղաքային դատարանը հեռակա կարգով դատապարտել էր Մինդիա Գորաձեին 10 տարվա ազատազրկման քրեական աշխարհին մասնակից լինելու համար: Ավելի վաղ՝ 2018 թվականի հուլիսին, Բաթումիի քաղաքային դատարանի կողմից նա մեղավոր էր ճանաչվել օրենքով գողի կարգավիճակ ունենալու, շորթման, ինչպես նաեւ լրագրողների մասնագիտական գործունեության իրականացմանն ապօրինի կերպով խոչընդոտելու հոդվածներով եւ դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: 2019 թվականի փետրվարին Քութաիսիի վճռաբեկ դատարանն ուժի մեջ էր թողել դատավճիռը:
Դատախազության տվյալներով՝ 2014-2015 թվականներին Լավասօղլին կապ էր պահում Վրաստանում գտնվող քրեական հեղինակությունների հետ, ստանում նրանցից տեղեկատվություն քրեական միջավայրում իրավիճակի մասին եւ հրահանգներ տալիս սեփական ազդեցությունն ուժեղացնելու համար:
Դեռ ավելին, 2015 թվականի փետրվարի 24-ին Լավասօղլին զանգահարել էր «Ռուստավի 2» հեռուստաալիքի եթերով հեռարձակվող «Ուրիշ շեշտադրումներ» հաղորդման հեղինակին եւ սպառնացել լրագրողին իր մասին բացասական սյուժեի պատճառով, նշել են դատախազությունում: