Airbus-ը ընկերության վերակազմավորման ծրագիր է պատրաստում՝ համավարակի հետեւանքով ճգնաժամի հետ կապված․ ԶԼՄ
Եվրոպական օդատիեզերական Airbus ընկերության ղեկավար Գիյոմ Ֆորին, համավարակի հետեւանքով ճգնաժամի հետ կապված, ընկերության վերակազմավորման ծրագիր է պատրաստում: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է La Tribune թերթը, որի տրամադրության տակ է հայտնվել Ֆորիի նամակը ընկերության աշխատակիցներին:
«Կորոնավիրուսի տարածման հետեւանքով մեր ոլորտում առաջացած ճգնաժամի չափերը Airbus-ից կարգավորումներ են պահանջում։ Այս կարգավորումը փաստացի նշանակում է մեր ընկերության չափերի զգալի կրճատում,- իր ուղերձում ասել է Ֆորին,- Դա ստիպում է մեզ ընդունել դառը որոշումներ, որոնք, ցավոք, անհրաժեշտ են ընկերության ապագայի պաշտպանության եւ մեր էկոհամակարգի համար»։
Իր նամակում, ինչպես նշում է թերթը, Airbus-ի ղեկավարը նախազգուշացնում է, որ համաշխարհային օդային թրաֆիքի թվերը 2019-ի մակարդակին կվերադառնան ոչ շուտ, քան 2023 թվականին, իսկ, հնարավոր է, միայն մինչեւ 2025 թվականը: Ըստ նախնական գնահատականների՝ աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված սահմանափակումները 2020-2021 թվականներին կհանգեցնեն Airbus-ում արտադրանքի 40% նվազման: Ըստ թերթի, ընկերության զարգացման ծրագիրը, որը հարմարեցված է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին, կարող է ներկայացվել հունիսի վերջին-հուլիսի սկզբին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ավիացիոն ոլորտում ճգնաժամը կլինի երկարատեւ եւ այնքան մասշտաբային, որ անհրաժեշտ կլինի Airbus-ում լուրջ միջոցներ ձեռնարկել,- նշում է Ֆորին,- Կրկնում եմ, մենք կորցրեցինք մեր կոմերցիոն գործունեության ավելի քան մեկ երրորդը, մեր ծախսերը դեռեւս գերազանցում են մեր եկամուտները»:
Հունիսի 9-ին էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը հայտարարել էր, որ Ֆրանսիայի կառավարությունը որոշում է կայացրել 15 միլիարդ եվրո հատկացնել երկրի օդատիեզերական արդյունաբերության աջակցության համար: Ըստ նրա, այս պահին օդային փոխադրումները կրճատվում են՝ հիմնականում մնում են դեպի դուրս թռիչքները: Նման պայմաններում, նոր ինքնաթիռների պատվերները նվազել են 80-90% -ով, ասել է նա: