Պեսկով. Կրեմլը Բելառուսի ընտրություններում թեկնածու չունի. Մինսկի կողմից ռուսական ընկերությունների հասցեին ուղղված մեղադրանքներն անհիմն են
Մինսկի կողմից ռուսական ընկերությունների հասցեին ուղղված մեղադրանքներն անհիմն են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Անկասկած, պետք է ինչ-որ փաստարկ լինի, նման մեղադրանքներն անհիմն են»,-ասել է նա:
Նա այդպիսով պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք Մոսկվան կարձագանքի Բելառուսի այն հայտարարություններին, թե Բելառուսի նախագահի թեկնածու, Բելգազպրոմբանկի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոյի գործողությունները ղեկավարվել են Մոսկվայից, մասնավորապես, «Գազպրոմ» ընկերությունից:
«Կրեմլը Բելառուսի ընտրություններում թեկնածու չունի»,-հավելել է նա:
Նրա խոսքով՝ Կրեմլը համարում է, որ Բաբարիկոյի ձերբակալությունը Բելառուսի ներքին գործն է:
Նա նշել է, որ Մոսկվայի եւ Մինսկի միջեւ մշտական շփումներ են իրականացվում:
Բաբարիկոն մեղադրվում է հակաիրավական գործունեություն կազմակերպելու, ղեկավարելու, վկաների վրա ազդեցության փորձի, ավելի վաղ կատարած հանցանքների հետքերը թաքցնելու եւ խոշոր գումար յուրացնելու համար: Այդ թվում հետաքննվում է Բելգազպրոմբանկի հաշվից ավելի քան 430 մլն դոլարի դուրսբերումը:
Այդ գործով ձերբակալվել է մոտ 20 մարդ, այդ թվում Բելգազպրոմբանկի թոփ-մենեջերները:
Բաբարիկոն ավելի վաղ կարծիք է հայտնել, որ իշխանությունները գործողությունները քաղաքական բնույթ են կրում: