Իշխանությունը, որը պարտություն է կրել կորոնավիրուսից, օրեցօր դառնում է ավելի ռեակցիոն․ Հրանտ Բագրատյան
Այս իշխանությունը, որը 100 տոկոսով պարտություն է կրել կորոնավիրուսից, օրեցօր դառնում է ավելի ռեակցիոն։ Այս մասին «5-րդ ալիք» ՀԸ Ագնեսա Խամոյանի «Հարցազրույց» հաղորդաշարին հայտարարել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով հունիսի 14-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությանը եւ նրա հարցաքննությանը։
«Կարդացել եմ Գագիկ Ծառուկյանի հետ կապ ունեցող գործերով ԱԱԾ հայտարարությունը, որից ոչ մի լուրջ բան չի բխում։ Ինչքան ես եմ հասկանում, պետությունը գտնում է, որ 30 միլիարդից ավելի ներդրում պետք է աներ, չի արել, դրա համար առավելագույնը կարող էին լիցենզիայից զրկել։ Խորհուրդ կտայի ԱԱԾ-ին քերականորեն ճիշտ շարադրել հայտարարությունները, որ բան հասկանաս։ Ասվում է ընտրակեղծիքներ եւ այլն։ Չեմ ուզում խորանալ, այն ինչ ներկայացված է, ընդամենը լիցենզիայից զրկելու հարց էր։ Հապճեպ էր արված այդ ամենը։ Կարծում եմ՝ այն ինչ արեցին երեկ, կապված էր նրա քաղաքական գործունեության հետ եւ կապված էր հրաժարականի պահանջի հետ»։
Տնտեսագիտության դոկտորի խոսքով՝ 30 միլիորդի վնաս տալու մասին հայտարարությունը նույնն է, թե ինչ-որ մեկը նախապես բաժանվի կնոջից, գիտակցելով, որ 3 տարի հետո այդ կինն իրեն դավաճանելու է։
«Դուք չե՞ք նկատում, որ այս իշխանությունը, որը լիակատար պարտություն է կրել կորոնավիրուսից, օրեցօր դառնում է ավելի ռեակցիոն։ Վախենամ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման այս շրջանը մենք կավարտենք արտակարգ դրության մեջ։ Կամ, որ ասում էին՝ այսքան ներդրում պետք է անեիք, չեք արել, երկու տարի է՝ իշխանության եք, ինչու արդարադատության նախարարությունը չէր զրկում լիցենզիայից։ ԱԱԾ երեկվա հայտարարությունը ասում է՝ «2010-ին գրանցված քլաբը, գիտակցելով, որ 2013-ին ընդունված օրենքի թույլ կետերը․․․»։ Այդ ինչպես էր 3 տարի առաջ գիտակցելու։ Գրելուց նայեք՝ ինչ եք գրում։ Հիմա 2,5-3 միլիոն մարդ է ապրում այս երկրում, բոլորն էլ անգրագետ ե՞ն։ Ոնց որ ինչ-որ մեկը նախապես բաժանվի կնոջից, գիտակցելով, որ 3 տարի հետո այդ կինն իրեն դավաճանելու է։ Սա՛ է պատկերը»։
Հրանտ Բագրատյանի խոսքով՝ երեկ երկու հազար մարդ հաստատ վարակվեց կորոնավիրուսով։
«Ինչու եք բերման ենթարկում, սովորական քննություն չեք անում, չեք մտնում դատարան։ Ոճը, շուխուռը փաշինյանական է, կռուտիտ-մուտիտ», ասել է նախկին վարչապետը։