Ուկրաինան թույլատրել է օտարերկրացիների մուտքը երկիր
Ուկրաինայի նախարարների կաբինետը չեղարկել է օտարերկրացիների՝ Ուկրաինա մուտքի արգելքը, մեղմացրել է դիտազննման կանոնները ժամանող մարդկանց համար, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը եւ Պետական սահմանային ծառայությունը, փոխանցում է AnalitikaUA.net-ը:
Օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք կկարողանան հատել պետական սահմանն Ուկրաինայի կառավարության հունիսի 12-ի թիվ 477 եւ թիվ 480 որոշումների՝ ուժի մեջ մտնելուն պես՝ «Սահմանների վերահսկման մասին» օրենքով սահմանված մուտքի օրինական հիմքերի առկայության եւ սանիտարահիգիենիկ եւ համաճարակաբանական պահանջներին համապատասխանելու դեպքում:
Հունիսի 12-ի թիվ 480 որոշմամբ սահմանվում է, որ օտարերկրացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք (բացառությամբ Ուկրաինայում մշտապես բնակվող կամ փախստական ճանաչված անձինք կամ նրանք, ովքեր ունեն լրացուցիչ պաշտպանության կարիք) չեն կարող հատել պետական սահմանը՝ չունենալով կորոնավիրուսի բուժման եւ դիտազննման հետ կապված ապահովագրական վկայականներ:
Միեւնույն ժամանակ, պարտադիր դիտազննում պետք է անցնեն միայն այն անձինք, ովքեր ժամանում են կամ COVID-19- ի լայն տարածում ունեցող երկրների քաղաքացի են:
Ընդ որում, պարտադիր դիտազննման պահանջը վերացվում է Դոնեցկի եւ Լուգանսկի ժամանակավորապես գրավված տարածքներից, Ղրիմի ինքնավար հանրապետությունից եւ Սևաստոպոլից մուտք գործող անձանց համար:
Որոշման համաձայն՝ անհրաժեշտ է ապահովել անցակետերում բժշկական զննում անցնելու վայրերի պարտադիր առկայությունը: