Դիմակների կրումը COVID-19-ի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն է
Դիմակների կրումը COVID-19 կորոնավիրուսային վարակի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն է։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences-ում։
Ինչպես հայտնում է medportal.ru-ն, հետազոտության հեղինակները վերլուծել են հիվանդացությունը Նյու Յորքում եւ Իտալիայում, որտեղ վարակի տարածման գագաթնակետին մտցվել է դիմակների պարտադիր կրում։ Գիտնականներն ուզում էին հասկանալ, թե ինչպես է այդ միջոցառումն ազդում վարակի տարածման վրա։ Ինչպես պարզվել է, դրա շնորհիվ հիվանդացության կորերը դեպի ներքեւ են իջել եւ կայունացել են։
Գիտնականների հաշվարկներով՝ դիմակների կրումը ապրիլի 6-ից մինչեւ մայիսի 9-ը Իտալիայում կանխել է COVID-19-ի ավելի քան 78 000 դեպք եւ ապրիլի 17-ից մինչեւ մայիսի 9-ը Նյու յորքում՝ 66 000 դեպք։
Գիտնականների խոսքերով՝ կորոնավիրուսային վարակը գերազանցապես փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, եւ այդ պատճառով դիմակների կրումը արդյունավետ է կանխարգելման տեսակետից։
Գիտնականները նշել են, որ մյուս անհրաժեշտ, արդյունավետ եւ ոչ թանկարժեք միջոցներն են՝ սոցիալական հեռավորության պահպանումը, կարանտինը եւ վարակվածների շփումներին հետևելը։