Գերմանիայի ԱԳՆ-ն կպարտավորեցնի գերմանացիներին վճարել կորոնավիրուսի պատճառով հայրենիք տարհանվելու ծախսերի դիմաց
Գերմանացիները, որոնք մնացել էին արտերկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով եւ տարհանվել հայրենիք Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից, առաջիկայում կստանան մատուցված ծառայության դիմաց հաշիվներ, հաղորդում է DW-ը։
«Առաջիկա օրերի եւ շաբաթների ընթացքում այդ ծրագրի մասնակիցներն անհատապես կտեղեկացվեն ծախսերի իրենց մասնաբաժնի մասին»,-հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարարությունը։
Մարտի 17-ին Գերմանիայի ԱԳ նախարարությունը մեկնարկել էր կորոնավիրուսի պատճառով գերմանացի զբոսաշրջիկներին հայրենիք վերադարձնելու աննախադեպ զանգվածային ակցիան։ Հինգ շաբաթվա ընթացքում Գերմանիա է տեղափոխվել 240 հազար մարդ, այդ թվում՝ 66 հազարը Գերմանիայի ԱԳՆ-ի վարձակալած ինքնաթիռներով։ Այդպիսի վերջին ինքնաթիռն ապրիլի 24-ին տեղափոխել էր 157 գերմանացու հարավաֆրիկյան Քեյփթաունից։ Այնուհետեւ արտերկրից մարդիկ վերադառնում էին փոքր խմբերով։
Գերմանիայի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ հյուպատոսական ծառայությունների մասին օրենքի հիման վրա տարհանումից օգտված մարդիկ պետք է մասնակցեն դրա ֆինանսավորման մեջ։