Գերմանիայում ցանկանում են երկրի Սահմանադրությունից հանել «ռասա» հասկացությունը
Գերմանիայի արդարադատության նախարար Քրիսթինե Լամբրեխտը աջակցել է երկրի Սահմանադրությունից «ռասա» հասկացությունը հանելու մասին մի շարք քաղաքական գործիչների կոչին, հայտնում է DW-ն:
1949 թվականին ուժի մեջ մտած Գերմանիայի Հիմնական օրենքի հեղինակները հինավորումներ ունեին այս կարգը տեքստի մեջ ներառելու համար, նշել է նա Funke մեդիախմբին տված հարցազրույցում: «Բայց կարծում եմ, որ մենք հիմա ուրիշ ժամանակներում ենք ապրում, ուստի անհրաժեշտ է այս հասկացությունը բացառել մեր Հիմնական օրենքից»,- հայտարարել է Լամբրեխտը:
Նա միաժամանակ շեշտել է, որ Գերմանիայի Սահմանադրության տեքստից «ռասա» բառի հնարավոր բացառումից հետո Գերմանիան նախկինի պես պետք է հանձնառու լինի ռասիզմի դեմ պայքարին: Նա նաեւ նշել է, որ Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է ստանալ Բունդեսթագի եւ Բունդեսրատի անդամների երկու երրորդի աջակցությունը:
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շթեֆեն Զայբերտն իր հերթին նշել է, որ դաշնային կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ է Հիմնական օրենքից «ռասա» հասկացությունը բացառելու վերաբերյալ բանավեճերին: Անցած օրերին այս թեմայով արտահայտվել են մի շարք «մտորելու տեղիք տվող փաստարկներ», ուստի ցանկալի է այս կապակցությամբ սկսել լայն խորհրդարանական եւ հանրային բանավեճեր, հավելել է Զայբերտը:
Միաժամանակ Բունդեսթագում «կանաչների» խմբակցության համանախագահներ Կատրին Գյորինգ-Էքարդը եւ Անտոն Հոֆրայթերը պահպանողական բլոկի եւ Ձախ կուսակցության գործընկերներին կոչ են արել գտնել Գերմանիայի Հիմնական օրենքից «ռասա» հասկացության բացառման հարցով «դեմոկրտական խմբակցությունների լայն կոնսենսուս»: