Զոհված Ֆլոյդի եղբայրը պահանջներ է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսին
ԱՄՆ Կոնգրեսում հունիսի 10-ին կայացած լսումների ժամանակ ելույթ է ունեցել Մինեապոլիսում ոստիկանության կողմից կալանավորման ժամանակ զոհված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հարազատ եղբայրը: Նա դիմել է օրենսդիրներին և կոչ արել նրանց հնարավորինս արագ փոխել սևամորթների նկատմամբ ոստիկանության բռնությունների հետ կապված իրավիճակը:
«Սովորեցրեք նրանց, թե որն է ուժի անհրաժեշտ կիրառումը»,- ասել է Ֆիլոնայզ Ֆլոյդը:
Ըստ նրա, ոստիկանները պետք է իմանան, որ ուժի կիրառումը, որը «կարող է մահվան պատճառ դառնալ, հազվադեպ է անհրաժեշտ և միայն այն դեպքում, երբ կա սպառնալիք կյանքի համար»: Նա հավելել է, որ այդ օրն իր եղբայրը որևէ մեկին չի սպառնացել, և «արժանի չէր մահվան 20 դոլարի պատճառով»:
«Հարցնում եմ ձեզ, ստացվում է արդյոք, որ սևամորթ մարդու կյանքը հենց այդքան էլ արժե՝ 20 դոլար»,- ասել է Ֆլոյդը:
Նա նաև շեշտել է, որ եթե եղբոր մահը աշխարհը կփոխի դեպի լավը, ապա նա իզուր չի մահացել: «Հիմա ձեզանից է կախված, որ նրա մահն անիմաստ չլինի»,- եզրափակել է Ֆլոյդը: