«Հոֆենհայմի» գլխավոր մարզիչը հեռացել է ակումբից
Գերմանական «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրյուդերը չի շարունակի աշխատանքն ակումբում: Այս մասին տեղեկացնում է «Հոֆենհայմի» մամուլի ծառայությունը:
Կողմերը երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը:
«Հոֆենհայմը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, շնորհակալություն է հայտնել 47-ամյա հոլանդացի մասնագետին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում:
Ալֆրեդ Շրյուդերը «Հոֆենհայմում» աշխատում է 2015 թվականից: Մինչև 2018/19 մրցաշրջանի ավարտը Շրյուդերը եղել է գլխավոր մարզչի օգնականը, իսկ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ ստանձնել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը:
Նշենք, որ Բունդեսլիգայի 30 տուրերից հետո «Հոֆենհայմը» 43 միավորով 7-րդ տեղում է: